Բայց օտար ներկը, չանցած շատ տարի,
Մաշվում, թափվում է ձըկան թեփի պես,
Եվ ահա՛ դարձյալ գործը հանճարի
Յուր նախկին փայլով գալիս է հանդես։
Այսպես ջնջվում են և ի՛մ հեգ սրտից
Կուրծքըս կեղեքող մոլորություններ,
Եվ այնտեղ զարթնում, եռում են նորից
Նախկին օրերիս պայծա՜ռ տեսիլներ։
ԿԱԼԱՆԱՎՈՐ
Խոնավ բանտում պատուհանիս մոտ նըստած,
Ես նայում եմ, ինչպես տխուր ու դարդոտ
Արծիվ-ընկերս ազատ օդում մեծացած՝
Աչքիս առաջ որս է կըտցում արյունոտ։
Եվ կըտցածը դեն ձըգելով՝ վըշտահար
Նայում է ինձ, ասես, միտքըս գուշակած,
Աչքով անում, բարձըր կանչում անդադար.
«Թըռչե՛նք, ընկե՜ր, թող այդ բանտըդ անիծա՜ծ»։
«Մենք բընության ազատ որդիք՝ համարձակ
Թըռչենք այնտեղ, ուր կա՜ն ամպեր ու լեռներ.
Ուր փայլում են ծովի ջըրեր կապուտակ,
Ուր քամի՜ն է միայն մեզ հետ — մե՛զ ընկեր…»։
ՄԱՐԳԱՐԵ
Հոգնա՜ծ ու տանջվա՜ծ, հոգով ծարավի՜
Մութ անապատում թափառում էի.
Եվ ահա այնտեղ տեսա վեցթևյան
Ելավ Սերովբեն իմ դեմ-հանդիման.
Եվ նուրբ մատներով թեթև ու քընքուշ
Շըփեց իմ աչերն, կարծես նինջ անուշ.