Եվ զարհուրանքով նոքա բացվեցան,
Ահաբեկ արծվի աչերի նման.
Եվ նա ականջիս դիպավ կամացուկ,
Եվ իմ լսելիքն հուզեց ձայն, աղմուկ.
Անսացի երկնի սասանումն ու դող,
Հըրեշտակների թռիչք լեռներում,
Ծովի հատակին զեռունների լող,
Ողկույզի աճումն ճոխ հովիտներում։
Եվ նա հպվեցավ իմ սառ շըրթունքին,
Եվ պոկեց, հանեց լեզուս մեղսալի՝
Սովոր նենգության և նանիր խոսքին,
Եվ այնտեղ դրեց իմաստուն օձի
Թունավոր խայթոցն յուր արնոտ ձեռով.
Եվ նա պատառեց իմ կուրծքը սըրով
Եվ հանեց սիրտըս դողդոջ, բաբախուն
Եվ նորա փոխան՝ իմ բացված կրծքում
Նա դըրեց բոցոտ ածուխ վառվռուն.
Եվ ընկած էի ես անապատում,
Որպես մի դիակ։ Եվ ահա բարձրից
Անսացի տիրոջ կոչը դեպի ինձ.
«Ե՛լ, ո՛վ մարգարե, և լո՜ւր, և հայի՛ր,
Եվ հըզոր կամքիս հըլու, անձնվեր,
Շըրջի՛ր դու ծովեր, շըրջիր դու երկիր,
Եվ խոսքով այրի՛ր մարդկային սըրտեր»։
ՓԱՌՔԻ ՏԵՆՉԸ
Երբ քո սիրով ու գըգվանքով հըմայված,
Ես քո առաջ լուռ ծունկ էի խոնարհած,
Եվ նայելով քո նազելի պատկերին՝
Խորհում էի, որ դու իմն ես, ո՛վ անգին.
Դու լավ գիտես, որ այդ քաղցրիկ ժամերում
Փառքի տենչը կուրծքըս իսկի չէր հուզում.
Դու լավ գիտես, որ այս ունայն աշխարհի
Աղմկահույզ կյանքից իսպառ հեռացած,
Պոետ անունն ինձ թվում էր տաղտկալի,