Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ կյանքի մեջ երկար կըռվեց վաստակած,
Ես խուլ էի և անտարբեր բընավին
Մարդկանց անվերջ և՛ գովեստին, և ծաղրին.
Եվ մի՞թե ինձ կարող էին, ո՛վ ընկեր
Հասարակաց ծաղր ու ծափը վըրդովել,
Երբ հայացքըդ սըրտիս խորքը թափանցած,
Եվ այնպես մե՜ղմ ձեռքըդ գըլխիս խոնարհած,
Դու քաղցրաձայն շըշընջալով ականջիս՝
Հարցնում էիր՝ «Ասա՛, ա՛յ իմ սիրելիս,
Բախտավո՞ր ես, սիրո՞ւմ ես ինձ անսահման,
Արդյոք երբեք էլ ուրիշին ինձ նըման,
Դու չե՞ս սիրել և ինձ չե՞ս տալ մոռացման…»
Իսկ ես… Ես լուռ, ես հազիվ հազ ինձ զսպած
Երջանկությունն ողջ էությունս պաշարած,
Կարծում էի թե այդ քնքուշ վիճակում
Էլ չեմ տեսնիլ երբեք ես դառն անջատում.
Կարծում էի կյանքն է՛լ չունի ապագա,
Եվ անջատման դաժան օրը է՛լ չի գա…
Բայց ի՞նչ եղավ… Ցավ, արտասուք ու տանջանք,
Ուխտի դըրժումն, նենգ զգացում, սև լուտանք,—
Այդ բոլո՜րը հանկարծ, խարխուլ շենքի պես,
Փըլչե՜ց գլխիս… Եվ, ո՜հ այժմ — ի՜նչ եմ ես,
Եվ ի՞նչ տեղ եմ։ Ահա մենակ ու լըռիկ,
Որպես ճամփորդ՝ որին դաժան փոթորիկ
Կաշկանդել է խուլ, ամայի մի վայրում,
Ես կանգնած եմ, և ամեն ինչ իմ աչքում,
Իմ չորս բոլոր մութ-խավար է երևում.
Եվ մի նո՛ր իղձ, մի նոր տենչանք այս ժամին
Բորբոքում են ու աղմկում իմ հոգին
Փառք եմ ուզում, որ անունըս փառավոր
Քո լըսելիքն ալեկոծե ամեն օր,
Որ ամեն տեղ, ամեն րոպե ու վայրկյան
Քեզ պաշարեն փառքն ու հըռչակն իմ անվան
Փա՛ռք եմ ուզում, փառք փափագում ես միայն,
Որ իմ համբավն քո չորս բոլոր բարձրաձայն
Օդ դըղրդի՜։ Եվ դու անդորր ժամերին
Լուռ ունկնդիր անսուտ, անկեղծ իմ ձայնին,