Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծովի ափին լուռ կանգնած է դալար, մատղաշ չինարին,
Նորա հետ է միշտ քըչփըչում, նորան շոյում զով քամին.
Նորա կանաչ, թարմ ոստերին դրախտի թըռչունք խմբերով
Ծովի չըքնաղ ձուկ-թագուհու փառքն են պատմում երգերով։

Պինդ կպչում է խեղճ պանդուխտը դալար ծառի արմատին
Եվ չինարուց ապաստան է նա աղերսում լալագին.
Նա ասում է — «Ես խըղճալիս՝ կաղնու տերև անպաշտպան
Ո՜հ, վաղաժամ հասունացա օտար երկրում ցուրտ-դաժան։

«Եվ վաղո՜ւց է թափառում եմ աննպատակ ու անտեր,
Թառամել եմ, թարշամել եմ անքուն, անօդ, անստվեր.
Ա՛ռ ինձ քո մոտ, թո՛ղ զըմրուխտյա տերևներիդ հետ ապրեմ,
Ես շա՜տ ու շա՜տ քեզ սքանչելի, քաղցր զրույց կպատմեմ»։

Սեգ չինարին պատասխանեց. «Է՛հ, ի՞նչիս է պետքական,
Դու դեղնած ես ու փոշոտված, զավակներիս չե՜ս արժան.
Ինձ ի՞նչ, թե դու գիտես զրույց և տեսել ես շա՜տ բաներ,
Առանց այն էլ ձանձրացրել են ինձ եդեմի թռչուններ։

«Գընա՛, անցի՛ր, պանդխտակա՛ն, ո՞վ ես, քեզ չե՛մ ճանաչում,
Տե՛ս այն արևն — նորա համար ես ծըլում եմ — կանաչում.
Այստեղ ազատ տարածվում են իմ ոստերը երկնքում,
Այստեղ ծովի սառն ալիքներն իմ արմատն են ոռոգում»։


ՏԱՊԱՆԱԳԻՐ

Պարզասիրտ որդին վեհ ազատության
Զգացման համար կյանք չէր խընայում.
Եվ հավերժ գըծերն ազատ բընության
Նա կենդանագրել հաճախ էր սիրում։

Նա հավատում էր մութ գուշակության,
Հավատում սիրույն, թալիսմաններին.
Եվ կյանքը զոհեց շա՜տ անբնական
Նա բուռն հույզերին, ցանկություններին։