Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տերն ու խիղճըս են միայն դատավոր
Ե՛վ իմ վառ սիրուն, և՛ իմ տանջանքին։

Եվ նոցա առաջ սիրտըս կը բացվի,
Հույս դըրած նոցա ջերմ կարեկցության.
Եվ թող նա՛ միայն, թող նա՛ ինձ պատժի,
Ով վերաս դըրավ տանջանքի շըղթան։

Մարդկանց անարգանք, մարդկանց նախատինք
Անզո՜ր են վըսեմ հոգին վըրդովել.
Թո՛ղ գոռա ծովի կատաղած ալիք —
Անզո՜ր է կանգուն ժայռը կործանել։

Նորա ճակատն է ամպերի միջին —
Մըռա՜յլ բընակիչ երկու տարերքի
Եվ միայն ահեղ որոտ-փոթորկին
Պատմում է նա միշտ խորհուրդը մըտքի։


ՔԵԶ ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՐ

(Ազատ թարգմանություն)


Քեզ մի՛ հավատար, երազուն կյանքով ապրող պատանի՛,
Եվ միշտ երկնչի՛ր ոգևորության վառվռուն բոցից…
Այդ բոցն է երազ, ծանըր զառանցանք քո հիվանդ սըրտի,
Կամ բուռըն զայրույթ՝ ծընած քո ստրուկ, կաշկանդված մտքից.
Եվ մի՛ որոնիր երկնային նըշան իզուր նորանում —
Այդ քո մեջ առատ եռում են ուժեր, բորբոքիչ արյուն.
Փութա՛ դու արագ սպառել քո կյանքը դառըն հոգսերում,
Վըշտի, տանջանքի թույնով ավերի՛ր դու քո գոյություն։

Թե քեզ պատահի մի նվիրական, սքանչելի ժամին
Բանալ քո սրտում, քո համըր սրտում, անապակ, մաքուր
Մի անհայտ աղբյուր, ու պարզ ու անուշ հընչելիս լինին
Ոգևորության, բաբախուն կըրծքի ձայներ քաղցրալուր, —
Ականջ մի՛ դընիր, մի՛ հափշտակվիր դու այդ ձայներով,
Եղի՛ր անտարբեր և նոցա իսպառ տո՛ւր մոռացության.
Ո՛չ ցուրտ խոսքերով, ո՛չ հարթ, համաչափ, կոկված երգերով,
Հավատա՛ դու ինձ, նոցա խորհուրդը չես մեկնիլ մարդկան։