Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԴԱՐՈՒՍ ԶԱՎԱԿԸ


Ծնվեց նա ի զուր, ապրեց անօգուտ,
Թշնամի դարձավ սուրբ ճշմարտության,
Պաշտեց նա խավար, խոսեցավ միշտ սուտ,
Խեղդելով յուր մեջ խղճի արդար ձայն։

Ի՛նչ է բարություն, խընամք, գութ, փրկանք,
Սեր դեպի աղքատն — այդ նա չըգիտեր.
Նորա չար սիրտը զգում էր հրճվանք,
Տեսնելիս տանջվող բյուր անմեղ զոհեր…

Եվ կնքեց նա յուր կյանքը երկրավոր,
Ամբարշտության դրոշմը ճակատին.
Նա մեռավ որպես խարդախ, նենգավոր.
Որպես հալածիչ ազնիվն ու բարին…

Բայց մի ամբողջ ազգ հոգով ստրկացած
Խորին կըսկիծով սգաց այդ վախճան.
Եվ դարուս ոգով իսպառ կուրացած,
Նվիրեց նորան փառաշուք արձան…
1889, 18 փետրվարի


ՍՈԽԱԿԻՆ

Ո՞ւզում ես դու, սիրուն սոխա՛կ,
Տեսնել եդեմ ծաղկավառ,
Շնչել վարդի բույրն անուշակ —
Թռի՛ր դեպի հայ աշխարհ։

Ուզո՞ւմ ես դու հնչել անվախ
Երգըդ անկեղծ ու ազատ,
Երգել սիրո ժամեր խաղաղ —
Թռի՛ր դեպի Այրարատ։

Այնտեղ պայծա՜ռ, այնտեղ անո՜ւշ
Քեզ կըժպտի ճոխ գարուն.