Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այնտեղ վարդի ծոցում քնքուշ
Դու կըգտնես սեր անհուն։

Այնտեղ երկինքն է կապուտակ,
Պայծառ արև ու աստղեր.
Այնտեղ ծիծաղ, ժըպիտ, բերկրանք.
Այնտեղ կյանքն է անվերջ սեր։

Թռի՛ր, սոխա՛կ, դու հարազատ
Երգիչ սիրո զգացման.
Թո՛ղ բիրտ երկրում ագռավն ազատ
Հնչե սիրով յուր ղաղան…
1889, 20 մարտի
        Մոսկվա


ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԵՐԳԸ

Ա՜խ, թե երկինք գեթ մի վայրկյան
Լսեր կրծքիս հառաչանք.
Փայլեր ինձ սուրբ ազատության
Վառ, կենսատու արեգակ.

Ա՜խ, եթե ես կարենայի
Որպես արծիվ անարգել
Գեթ մի րոպե ազատ կյանքի
Ազատ օդում սավառնել.—

Որպիսի՜ ջերմ, լի փափագով
Կարոտ պայծառ երկնքի՝
Կը թռչեի ես խնդալով
Դեպ հայրենիքս անձկալի։

Դեպ այն երկիր նվիրական,
Ուր սահեցան անխըռով
Չքնաղ օրերն իմ մանկության
Լի դրախտային սուրբ սիրով։