Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թո՛ղ, աղերսում եմ, զովությունն օրվա
Պատե տապ հովիտ և փոշոտ ուղին,
Որ հանգիստ առնեմ ես քարի վերա
Ամայի վայրում, կեսօրվա ժամին։
Թո՛ղ, աղերսում եմ, զինված, սպառնալի
Քո գոռ փոթորկին ես չհանդիպեմ,
Երբ խորունկ կիրճում մըռայլ Դարյալի
Իմ հոգնած ձիով անցնելիս լինեմ։
Բայց դարձյալ մի իղձ ունեմ ես սըրտում…
Կապվո՜ւմ է լեզուս… դողո՜ւմ եմ ահից…
Մի՜ գուցե… արդեն հայրենի երկրում
Ինձ մոռացել են աքսորման օրից։
Արդյոք կըգտնե՞մ ես այնտեղ նախկին
Ե՛վ սիրո զըրկանք, և՛ ջերմ համբույրներ.
Եվ կը ճանաչե՛ն լըքյալ պանդըխտին
Ա՜յսքան տարուց հետ՝ եղբայր ու ընկեր։
Թե՞ լուռ շարքերում ցուրտ շիրիմների
Ինձ սպասում են աճյուններ նիրհած
Բարի, բուռն եռանդ ա՛յն էակների,
Որոնց հետ մատաղ կյանք եմ անցուցած։
Ո՜հ, թե այդպես է… շտապի՛ր, ով Կազբեկ,
Փըչի՛ր բուք-բորան, ինձ տակովն արա՛
Եվ իմ աճյունն էլ անտեր, անուրեք
Կիրճում չորս բոլոր սփռի՛ր անխընա…
|
|
ԱՌԱԳԱՍՏ
Մեգով պատած ծովի վերա կապուտակ
Առագաստն է ահա լողում մեն-մենակ…
Ի՞նչ է փնտրում նա այն հեռու վայրերում,
Ի՞նչ է թողել նա հայրենի աշխարհում։
|
|