Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ցանկա՞նք մենք նրա՛ն գիշեր բարեբեր,
Ով հանուն փըրկչի հա՜մր է և համբե՜ր.
Ում դըժնյա աչքից չե՛ն հոսում արցունք
Ով չէ՛ տըրտնջում, միշտ փակ են շըրթունք։
Ում կոշտ ձեռքերը միշտ բան ու գործում,
Տալիս է հընար մեզ առո՜ք-փառո՜ք
Թաղվել արվեստի, գիտության ծոցում,
Սիրե՜լ անուրջներ, ախտերի՝ բորբոք…
Ով միշտ խավարում անլույս, անթափանց,
Անգիտակ— ի՞նչ է իրավունք, աստված,
Անղե՜կ է կյանքի շավղովն աստանդում,
Որպես անճըրագ ստորերկրյա բանտում…
|
|
ԵՐԱՆԻ ԱՆՉԱՐ ԱՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ…
Երանի՜ անչար այն բանաստեղծին,
Ում մաղձն է սակա՜վ, զգացումը— լի՜.
Ողջագուրո՜ւմ են նրան սըրտագին
Բարեկամները խաղաղ արվեստի։
Ամբոխի միջում նրա ականջին
Անվերջ հասնում է շոյիչ համակրանք.
Օ՛տար է նրան կասկածանք ներքին—
Ստեղծագործ ոգու այդ խորի՜ն տանջանք։
Անձնատուր անփույթ և հանգիստ կյանքին,
Խըստաշունչ, հեգնող նա երգն ատելով,
Խո՜ր տիրանում է ամբոխի սըրտին
Իր խաղաղասեր, շոյիչ քընարով։
Զմայլվո՜ւմ, տարվո՜ւմ են նրա մեծ խելքից,
Չունի՜ նա նեղիչ, չունի՜ բամբասող.
Եվ նրան մարդիկ ժամանակակից
Մահից առաջ են պատրաստում կոթող…
|
|