Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ դու անցյալի տըխուր հուշերով
Մոռացկոտ խիղճըդ պատուհասելով,
Ինձ պատմում էիր քո կյանքի արկած,
Ա՛յն բոլորն, ինչ որ առա՛ջ էր եղած.

Երբ դեմքըդ հանկարծ ծածկելով ձեռքով,
Դու լի՜ ամոթով, լի՜ զարհուրանքով,
Խոր հեկեկացիր անզուսպ, դառնագին,
Խռովվա՜ծ էր քո միտքն, խռովվա՜ծ— քո հոգին.

Հավատա՛, այնժամ ես անփո՜ւյթ չէի.
Ես անհագ ուշով քեզ լըսում էի…
Եվ, դըժբախ՛տ էակ, ես քեզ հասկացա,
Ողջը ներեցի, ո՜ղջը մոռացա։

Բայց էլ ի՞նչու ես գաղտնի վարանքին
Դու ամեն մի ժամ տված քո հոգին.
Միթե անհեթեթ կարծիքին մարդկանց
Դո՛ւ էլ ես արդեն գըլուխ խոնարհած։

Ո՛չ, մի՛ հավատար ու կեղծ ու պատիր
Ամբոխի խոսքին—և հեռու վանի՛ր
Քեզնից կասկածանք, մաշող զգացմունք—
Երկչոտ սըրտիդ մեջ թաքուցա՜ծ խորունկ։

Զո՜ւր տառապելով, անձնատո՜ւր թախծին,
Ո՜հ, մի՛ ջերմացրու քո կըրծքում օձին…
Ե՛վ դու սիրակոչ, ազատ, համարձակ
Մըտի՛ր, տիրուհի, իմ տան հարկի տակ։


ԳԻՇԵՐ է…

Գիշեր է… Քընի ախորժանք չըկա,
Արդեն վայելած ամեն զվարճանք,
Մե՛նք աղոթելու պատրաստ ենք հիմա,
Միայն չըգիտենք— ում ի՞նչ ցանկանանք։