Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լի տըխրությամբ մըրմընջում էր. «Այ՛ որդիք,
Երանի՜ դուք իսկի աշխարհ չըգայիք.
Անշեղ կանցնեք դուք ձեր ուղին, բայց էլի՜
Միշտ կը մընաք ճակատագրին խե՜ղճ գերի…»

Մի պըղտորիր զավակներիդ ջինջ հոգին
Քո վըշտերով, ա՛յ ցավատանջ, դըժբախտ կին.
Պատմի՛ր նրանց, պատմի՛ր մանուկ հասակից,
Որ կա՜ն օրեր, կա՜ն ժամանակ ու տարիք,
Երբ կյանքի մեջ տատասկահյուս պըսակից
Չը կա՛ ոչինչ—առավել քա՜ղցր, երջանի՜կ…


ՄՈՒՍԱ

Ո՛չ, չեմ հիշում երբեք ես մեղմ, գըգվալի,
Գողտրի՜կ տաղեր չըքնաղ, քընքուշ մուսայի.
Որպես ոգի. նա երկնային բարձունքից
Չէ՛ սավառնել անլըսելի դեպի ինձ,
Չէ՛ վարժեցրել իմ լըսելիքն մանկական
Հարթ, ներդաշնակ տաղերգության դյութական.
Եվ ո՛չ սրինգ է թողել նա իմ օրրանում.
Ծաղիկ կյանքիս խոկումներում, խաղերում
Նա չէ՛ հուզել միտքըս աղոտ ցընորքով,
Ո՛չ ցոլացել հանկարծ գեղուն իր դեմքով,
Որպես սիրող ընկերուհի սըրտագին,
Զմայլված աչքիս — իմ ա՜յն գարուն հասակում,
Երբ շաղկապված սերն ու մուսան անմեկին
Լի անձկությամբ մեր արյունն են բորբոքում…
Բայց ինձ վըրա վա՜ղ ծանրացած լուծ կապանք,
Ա՛յլ մուսայի՝ աչքից ընկա՜ծ, անգըգվա՜նք,
Որ միշտ կյանքում ուղեկցելով խեղճերին,
Հեգ վըկա է նրանց ցավին, վըշտերին.
Այն մուսայի՝ լացո՜ղ, տըրտմո՜ղ ու ցավո՜ղ.
Մի՜շտ տենչացող, մի՜շտ գըլխակոր աղերսող.
Որի աչքում միակ անհաս պաշտելին,
Երազ-կուռքը—լոկ ոսկին է ու ոսկին…