Եվ ա՛յն օրից, երբ ես եկա լույս աշխարհ,
Որպես հաճույք և քաղցրություն ինձ համար,
Հին խըրճիթում մըխող ճրագի առաջին,
Ցավից սպանված, գործի բեռը կոր մեջքին,
Նա երգում էր—և նրա պարզ, վըշտառատ
Երգում անվերջ լըսելի էր մի՛ գանգատ։
Իսկ երբեմն էլ հանկարծ նեղված սուր վշտից
Նա ողբում էր՝ իմ ողբանքին ձայնակից.
Կամ խռովում էր նա իմ նիրհը մանկական
Շվայտ կյանքի խինդ ու տաղով… Եվ, սակայն,
Նույն լաց-հառաչանք ավելի՛ էր խիստ հընչում
Նրա այդ նոր աղմկալի խրախճանքում.
Եվ ի՜նչ չըկար այդ խելահեղ խառնվածքում—
Նանիր կյանքի մա՜նր ու գըծո՜ւծ հաշիվներ,
Մատղաշության տե՜նչ ու ցընո՜րք գեղեցիկ,
Խեդղվա՛ծ արցունք և խորտակվա՜ծ հույս ու սեր
Անե՜ծք, բողո՜ք և ուժազո՜ւրկ սպառնալիք…
Եվ սըրտմըտած՝ անխել մուսան երդվում էր
Կեղծիքի դեմ համառ կըռիվ ըսկսել…
Նա խաղում էր օրոցքիս հետ մոլեգին,
Իրան տված ժանտ ու վայրագ հրճվանքին.
«Վրե՜ժ» էր կոչում—և հուր, որոտ երկնքից
Ցասկոտ լեզվով կանչում իրան աջակից։
Բայց դըժնության փոթորկահույզ բըռնկումն
Հաստատուն չէր նրա սիրող, մեղմ սըրտումն.
Մաշիչ ցավը կամա՜ց-կամա՜ց մեղմացած՝
Հանդարտվում էր ու թուլանում… և հանկարծ
Ողջ այդ վայրի կատաղությունն կըրքերի.
Այդ դըժնաշունչ սաստկությունը վըշտերի
Քաղցր հատուցում, փըրկանք էին ըստանում
Այն գեղեցի՜կ և վեհագո՜ւյն րոպեում,
Երբ հեգ մուսան թեքված վըրաս լիագութ՝
Շըշընջում էր «Ների՛ր, ների՛ր թըշնամուդ»։
Այդպես մի կույս՝ հավետ լացող, անմեկին՝
Ինձ երգում էր իր երգերը խըստագին,
Մինչ. վերջապես, և՛ նրա դեմ կատաղի