Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահավետ խոսքի, բարի գործերի
Սերմը չի՛ կորչում անհետ, ապարդյուն։
Մենք հաշիվ կըտանք թոռներին մի օր—
Ո՞ւր և ինչպես ենք այդ սերմը ճարած…
Մեռյալներն արդեն նիրհում են անդորր,
Գործն է մընացել կենդանի՜ մարդկանց։


ՊՈԵՏԻՆ

Ո՜չ, մի՛ կոչիր դու կյանքն անշահ ու անպետ.
Փոթորկահույզ, խավար օրերն անցնելիս,
Անդուլ մըղած խըռով, դաժան կըռվից ետ.—
Նա և՛ բողբոջ, և՛ պտուղ է մեզ տալիս։

Եվ անվե՜րջ չեն քո այդ ցավերն ու վըշտեր…
Քո՛ մեջն է հենց ուժի աղբյուրն անսպառ.
Նայի՛ր քո շուրջ—չէ՞ որ այսքան բարիքներ
Աստված ստեղծել, ճոխացրել է քե՛զ համար։

Թավ անտառը գեղագանգո՜ւր ու դալար,
Ճոխ սաղարթում արշալո՜ւյսն է փայլփըլում,
Վերից ամպերն հեզի՜կ ճեմով հրավա՜ռ
Ցոլանում են գետի շողուն հայելում։

Բըլրի լանջը ծաղկյա գորգով զարդարո՜ւն.
Վե՛ր ել գագաթն, աչքըդ դարձո՛ւր չորս բոլոր—
Ի՛նչ սքանչելի արձակություն, քիչ հեռուն
Նըշմարվում է մեգում գյուղը մենավոր։

Ազատ երգ է թըռչնիկն օդում զիլ հընչում,
Իմացի՛ր—նա ի՞նչ է երգում եթերին,
Ի՞նչ է լեցուն հասկը հասկին շըշնջում,
Ի՞նչ է պատմում աղբյուրն կանաչ ափերին։

Ահա՛ կյանքի, ազատության վե՛հ հանդես,
Հավերժափայլ այստեղ տո՜ն ու խրախճա՜ն.
Դու բընության ուսի՛ր լեզուն— և կասես—
«Այո, աշխարհն գեղեցի՜կ է, անվախճա՜ն»։