Մենակ ընկած էր ամայի վայրում
Անշարժ մարմարը չոր մացառներում.
Անձրև օր նրան երկինքն էր թըրջում,
Ու վըրան միայն թըռչուններ հանգչում։
Բայց ահա մի օր արվեստագետին
Ցույց տվին այդ գյուտն։ Նա անշունչ քարին,
Նայե՜ց—ու իսկույն ոգևորության
Շողա՜ց աչերում հուրը սրբազան.
Առավ նա մարմարն, տարավ գործատուն,
Աշխատեց վըրան գիշերներ անքուն.
Կյա՛նք տվավ քարին ստեղծագործ ձեռքով…
Այդ օրից ամբոխն ապշած հայացքով
Դիտում է մարմարն, անխոս հիանում,
Եվ նրա առջև ծո՜ւնկ է խոնարհում։
Ա՜Խ, ՀԱՆԳԻՍՏ ՏՎԵ՛Ք…
Ա՜խ, հանգիստ տըվե՛ք… Հանգի՜ստ եմ խնդրում
Խռովահույզ մըտքիս, ցավատանջ կըրծքիս.
Ո՛ղջ օր եռում է իմ շուրջ անդադրում
Ա՛յն ամենն, ինչից խոցված է հոգիս։
Ո՞ւր փախչել մեծ-մեծ, փըքուն խոսքերից,
Խոսքով ա՛մենքն են մաքուր, աննախա՜նձ.
Մենք ճըշմարտություն պաշտողներ անբիծ՝
Պատրաստ ենք անվե՜րջ պաշտելու մեր անձ։
Խըղճմտանք սպանվա՜ծ, ամոթանք մեռա՜ծ,
Խավարում սուտն է տիրագլուխ ազատ.
Ոչ ոք չէ՛ ողբում անկեղծ, սըրտաբաց,
Ոչ ոք չէ՛ պատժում չարիքն ու արատ։
Մենք մարտիրոսներ չունենք մեր միջում…
Չե՛նք պատասխանում փըրկության կոչին.