Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երանի՜ նրան, ով ջերմ փափագով
Ապրել է կըռվում, մաշիչ հոգսերում.
Ով երբեք ընկճված, ստըրկական հոգով
Իր վառ հույսերը չէ՛ թաղել հողում։
Թո՛ղ մեզ ուղեցույց փարոսի նըման,
Շողա՜-շողշողա սուրբ ճըշմարտություն.
Օ՜, հավատացե՛ք, ձայնը փըրկության
Չի՛ կորչում երբեք կյանքում ապարդյուն։
Լըսե՛ք, եղբայրնե՛ր, ձեր եղբոր ձայնին,
Եվ քանի մեր մեջ եռում են ուժեր,
Մատա՜ղ, վա՜ռ ուժեր—գրոհ տանք խըմբովին,
Հառա՛ջ, միշտ հառա՛ջ դիմենք անվեհեր։
|
|
ԹՌՉՆԻԿ
Ասա՛, ինչո՞ւ, ա՛յ իմ թռչնիկ,
Իմ ժի՛ր խոսնակ-փետրավոր,
Այդպես վա՜ղ ես թըռել, եկել,
Մեր այս աշխարհն հեռավոր։
Տե՛ս, արևն է դեմքը ծածկել,
Կորե՜լ երկինքն ամպերում.
Դեղնած ու չոր եղեգներն է
Հողմը գետին խոնարհում։
Եվ անձրև է գալիս անվերջ,
Ասես հեղեղ շըփշըփա՜ն.
Օրերն են ցո՜ւրտ ու տաղտկալի՜—
Իսկի գարնան չի՜ նըման։
— «Ինձ չէ՛ բերել այստեղ երկինք,
Եվ ո՛չ արև շողշողուն.
Չոր ու դեղնած եղեգներում
Ես չեմ հյուսել ո՛չ մի բուն։
|
|