Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բուն կըդնեմ խեղճ թըշվառի
Կըտրան տակին։ Ինձ աստված
Սփոփա՜նք է խեղճի համար
Հեռու երկրից ուղարկած։
Երբ նա դաշտից տուն կըդառնա,
Իր հին, անշուք օթևան,
Տըխուր կընկնի հարդի վըրա,
Երգ կը երգեմ ես նըրան։
Ես նրան եմ բերել պարգև
Այդ երգն հեռո՜ւ վայրերից.
Բախտավորներ դեռ չեն լըսած
Երբե՛ք այդ երգն ինձանից։
Ես իմ երգում կը նըկարեմ
Նրա աչքին ա՛յլ աշխարհ.
Ուր չըկա՜ ցավ, չըկա՜ն հոգսեր,
Ո՛չ մեծատուն, ո՛չ թըշվառ։
Եվ այդ երգը հոգնած կըրծքին
Կը պարգևե՜ հաշտություն.
Եվ կը նիրհե չարքաշ մըշակն,
Հույսը դըրա՜ծ աստըծուն»։
|
|
ՈՉ, ԼԱՎ է ԿՈՐՉԻԼ…
Ո՛չ, լավ է կորչիլ, չըքանալ անհետ,
Քան սիրել խավար, հաշտվել չարի հետ.
Քան եղբոր անկման չարախինդ վըկա՝
Նայել անհաղո՜րդ. նայել անըզգա՛։
Ո՛չ, լավ է, որ մարդ իր հետ անբաժան
Վաղաժամ տանե մըթին գերեզման—
Ե՛վ սըրտի բորբոք, և՛ հոգու հույզեր,
Եվ լո՜ւյս-անուրջներ, ոսկի երազներ.
|
|