Այստեղ, քո այս սրբավայրում, արդարադա՛տ, հզո՛ր տեր,
Մոռացել են քեզ հողածին, չար, ամբարիշտ զավակներ,
Եվ չես իջնում էլ դու այնտեղ, նոցա ցրվում շանթերով,
Ուր դու առաջ հայտնվում էիր քո լուսավառ պատկերով։
Աչքդ՝ փայլակ, ձայնդ՝ որոտ, ո՛վ դու անհաղթ տեր մարդկան,
Արդյոք բախտը շո՞ւտ կըժպտա Իսրայելի ավեր տան…
Եվ դեռ երկա՞ր նորան պետք է բըռնավորներ հայհոյեն
Ու անարգեն և՛ օրենքդ, և՛ տաճարդ սրբաշեն։
ԴՈՒ ԼԱԼԻՍ ԷԻՐ…
Դու լալիս էիր և արտասունքից
Մեղմ սքողվում էր կապույտն աչերիդ,
Կարծես այն ցողն էր իջնում երկնքից
Եվ ծածկում երկիր, որպես մարգարիտ։
Դու ժպտում էիր,—ցոլքը գոհարի
Հայացքիդ առաջ թվում էր խավար…
Կենդանի հուրը քո վառ աչերի
Հաղթում էր այդ ցոլքն—անզոր էր գոհար։
Որպես արևն է երկնքի վերա
Մեղմ շողեր սփռում, ամպեր թափանցում.
Եվ կամա՜ց-կամա՜ց մութը գիշերվա
Մարող բարձունքից քըշում, հալածում,
Օ՜, այդպես և՛ դու պայծառ ժպտալով
Բուռն հրճվանք ես հեգ սրտին բերում,
Եվ հուր-աչերիդ բերկրալից փայլով
Վշտի խավարը միշտ լուսավորում։
ԵՐՈԻՍԱՂԵՄԻ ԱՎԵՐՈՒՄԸ ՏԻՏՈՍԻ ՁԵՌՔՈՎ
Ա՛յն բլուրից վերջին ժամին տեսա քաղաքն հայրենի,
Ուր ճամփորդներ հըրաժեշտ են տալիս մեր մայր Սիոնին,
Այնտեղ այրում, պղծում էին ամբարիշտներ կատաղի
Իմ հայրենի սուրբ քաղաքը՝ մատնած ահեղ հրդեհին։