Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՈՐԴ ԲԱՅՐՈՆ


ՀՐԵԱԿԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ


Ա՜Խ, ԼԱՑԵ՛Ք…

Ա՜խ, լացե՛ք, ինչպես խորթ Բաբելոնի
Գետերի ափին մե՜նք էինք լալիս.
Քանդվա՜ծ տաճարներ մեր սուրբ Սիոնի…
Այնտեղ կուռքին են այժմ փառք տալիս.
Լացե՛ք… գերի է հայրենի աշխարհ,
Եվ ջարդված արդեն Հուդայի քընար։

Ա՜խ, ի՞նչ տեղ լվանանք այժմ մեր ոտքեր,
Հոգնել ենք, տանջվել… Արդյոք մեր սըրտին
Կըբերե՞ն հանգիստ Սիոնի երգեր.
Արդյոք կըլինի՞ վախճան մեր վշտին,
Կըհնչե՞ մի օր և քնարն Հուդայի
Առաջվա նըման, որ սիրտ հըմայի։

Խե՛ղճ ազգ. որ հավետ դատապարտված ես
Թափառել պանդուխտ, անհող, անբնակ.
Ո՞ւր պետք է արդյոք դու հանգիստ գտնես.
Որջ ունի աղվեսն, բուն ունի տատրակ.
Միայն, Իսրայել, դու անտուն, անտեր.
Քեզ վիճակվել են տխուր շիրիմներ…


ՍՐԲԱՆՎԵՐ ԱՅՍ ԱՓԵՐՈՒՄ

Սրբանվեր այս ափերում, ուր հոսում է Հորդանան,
Այժմ, ավա՜ղ, արաբների թափառում է կարավան.
Եվ քո Սինա լեռան վերա փառք է երդվում Բաալին.
Աստված, ինչո՞ւ կայծակներով դու չես շանթում չարերին։