Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Խոնարհվի՞ այնտեղ, ուր գետնատարած
Դու ոտք ես լիզում բըռնավորների...

Ո՛չ... ամբո՛խ խղճուկ, ամբո՛խ դու թշվառ,
Զուր են քո ջանքեր, ցընորք - քո պահանջ,
Ե՞րբ ես դու տեսել, որ լույսը պայծառ
Ընկճվի, խորտակվի խավարի առաջ...

Ե՞րբ ես դու տեսել, որ երկրի կրծքից
Ուժգին դուրս ժայթքող հրաբուխն անշեջ
Հանգչի գեթ վայրկյան հեղեղ-անձրևից.
Թե անգամ նոքա տեղան մի՜շտ, անվե՜րջ:

Ե՞րբ ես դու տեսել, որ դեպի երկինք
Անվախ սավառնող հըզոր արծվին
Սարսեցնեն մրրիկ, որոտ, փոթորիկ,
Երբ նա լողում է ամպերի միջին...

Օ՜, հաշտվիր, ամբոխ, սիրի՛ր դու երգչին,
Ձեռք պարզի՛ր նորան դու մտերմության.
Նա քո առաջև կը բանա ուղին
Բարվո, գեղեցկի և ճշմարտության...
1889,հունիս


ՊԱՏԿԵՐ

(Նվեր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին)
Խորին գիշեր է։ Հոգնած, վաստակած
Երկիրը, որպես քրտնաջան մշակ,
Քընած է անդորր, ասես մոռացած
Ցերեկվա անվերջ հոգսերն ու տանջանք...

Եվ չի վըրդովում ոչ մի արարած
Մայր-երկրի այդ մեղմ նինջը անուշիկ.
Խաղաղություն է չորս կողմը տիրած—
Լուռ է բընություն, լուռ է և՛ երկինք։


Բանաստեղծություններ