Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ


ԿԱՊՈՒՅՏ ԱՉԵՐՆ…

Կապույտ աչերն, ասես մի զույգ մանիշակ.
Փոքրիկ ձեռքերն՝ շուշանի պես, թարմ, սպիտակ.
Թշիկները շիկնած ու միշտ վարդագեղ—
Ահա՛ ձեզ մի փունջ շքեղ։

Նա ծաղկում է, նա փայլում է—և ուրախ
Միշտ արձակում անուշ քրքիջ ու ծիծաղ,
Բայց փայլ չկա մատաղ կուսի և՛ կրծքում—
Այնտեղ սերը չի՛ ծաղկում։


ՇՈՂՇՈՂՈՒՄ ԵՆ ԱՆՎԵՐՋ ԴԱՐԵՐ

Շողշողում են անվերջ դարեր
Պայծառ աստղեր երկնքում—
Երկրին հառած փայլուն աչեր,
Մե՛րթ խնդալից, մե՛րթ տրտում։

Եվ նոքա միշտ ջերմ, վառվռուն
Զրույց են անում իրար հետ.
Բայց չի մեկնել դեռ այդ լեզուն
Ոչ մի հըմուտ աստղագետ։

Բայց իմ սիրտը շուտ հասկացավ
Վառ աստղերի այդ բարբառ.
Ինձ քերական հանդիսացավ
Քո հայացքը բոցավառ։