Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԵԿ ԲԱԽՏԸ ԻՆՁ ՇՈՅՈՒՄ ԷՐ
Երեկ բախտը ինձ շոյում էր, փայփայում,
Բայց ա՜խ, ո՞ւր է նա այսօր…
Զո՜ւր ջանացի գոնե մեկին ես կյանքում
Կապել ինձ հետ գեթ մի օր։
Փորձի համար քանի՜ կանայք շատ անգամ
Եկան գիրկըս նետվեցան.
Բայց նայելով սրտիս խորքը—ո՛չ մի ժամ
Չսպասեցի՜ն, հեռացա՜ն…
Հեռանում էր մեկը զվարթ, խնդագին,
Մի ուրիշը—լուռ իսպառ.
Եվ դո՛ւ միայն ինձ թողնելով, ո՜վ անգին,
Դու դառնագին լա՜ց եղար…
|
|
Ա՜Խ, ԹԵ ՆԿԱՐՉԻ ՁԻՐՔ ՈՒՆԵՆԱՅԻ
Ա՜խ, թե նկարչի ձիրք ունենայի,
Հո՛գս, չէի տանջվիլ ես քո ճանկերում.
Նախշուն պատկերներ կընկարեի,
Նոցա կառնեին ճոխ պալատներում։
Թե դաշնամուրի քա՜ղցր ձայներով
Կանանց ազդելու շնորհ ունենայի,
Գիտեմ, ինձ համար կանայք հալվելով,
Ո՛չ միայն ոսկի—կյա՜նք չէին խնայի…
Բայց, է՛հ, չըսիրեց ինձ կույր մամոնան,
Եվ կարոտ թողեց ապահով կյանքին.
Քաղցած արվեստը բանաստեղծության
Կյանքի մեջ ընկավ խղճուկիս բաժին…
Եվ երբ տեսնում եմ, ինչպես փրփրած
Շամպայնով մարդիկ սիրտ են զովացնում.
Ես էլ ծարավի, բայց ճարըս կըտրած,
Ստամոքսս մի գլուխ ցուրտ ջուր եմ լցնում…
|
|