Սե՛ր եմ խնդրում, ո՛վ արարիչ,
Քար սրտերը հալեցնող…
Սե՛ր փրկարար, սե՛ր սփոփիչ,
Հեգ թշվառին կյանք տվող…
1889, 13 օգոստոսի
ՄՈՒՐԱՑԿԱՆ
Գիտե՞ս, թե արդյոք ո՞ւմ դուռն ես եկել,
Տառապյալ եղբա՛յր, դու լի հույսերով.
Ո՞ւմ սիրտն ես ուզում գթությամբ լցնել.
Շարժել քո անվերջ ցավ ու վշտերով։
Արքայավայել այդ մեծ փառաշուք
Բազում հարկերով ճոխ պալատներում,
Ուր աչքըդ հառած՝ թափում ես արցունք,
Եվ խեղդված ձայնով չոր հաց աղերսում —
Գիտե՞ս, թե արդյոք անհոգ, անտրտում,
Անծանոթ թշվառ, սև աղքատության,
Ո՞վ է այնտեղ միշտ երգում ու խնդում,
Անձնատուր եղած կյանքի փափկության…
Ո՞ւմ կյանքն է այնտեղ ցերեկ ու գիշեր
Եռում, աղմկում մոլի կրքերով,
Ո՞վ է անխնա մաշում յուր օրեր
Հեշտասեր կյանքի զեխություններով…
Փարթամ մեծացած գոռոզ իշխանի
Ապարանքն է դա, խղճո՛ւկ մուրացկան,