Թմրած աշխարհին կյանք տվիր նորից,— Ահա ամեն տեղ
Քո սերն է երգվում, գարո՛ւն ոգելից, Գարո՛ւն շնորհագեղ։
1890, 10 ապրիլի
♦
Իմ ընկեր Միքայել Հարությունյանին
Այնքան դառըն ցավ ու վշտեր
Կուտակված են իմ սրտում,
Որ եթե քեզ, ազնիվ ընկեր,
Ողբամ նոցա իմ երգում,—
Քո առաջև արտասուքի
Դու կը տեսնես մի մեծ ծով.
Որ հուզվում է վիշտ ու սուգի
Սիրտը մաշող փոթորկով…
Բայց կատաղի լողորդի պես
Ալիքները ծաղրելով,
Այդ մեծ ծովում լողում եմ ես,
Խորին կերպով հուսալով,
Որ անկասկած և ես մի օր
Ցանկալի ափ կը հասնեմ,
Ուր ազատված իմ խեղճ եղբոր
Տանջված կրծքիս կը սեղմեմ…
1890, 12 ապրիլի
ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ԻՂՁԵՐ
Կա՛ն ծաղիկներ ազատ փթթող
Կանաչավառ պարտիզում.
Կա՛ն և իղձեր արյուն հուզող
Մարդու սրտի խորքերում։