Ծաղիկները անուշ բուրմամբ
Կյանք են շնչում պարտիզին.
Վառ իղձերն էլ միշտ թարմությամբ
Լի են պահում մեր հոգին։
1890, 15 ապրիլի
ԿԵՍ ԳԻՇԵՐ
Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մտածում եմ — և բյուր վշտեր սիրտս ու հոգիս են մաշում.
Մտածում եմ — շուտո՞վ արդյոք դու արշալույս ոսկեվառ,
Կը հալածես երկրին տիրած դժնատեսիլ այս խավար…
Բայց մռայլը գիշերային, մռայլ թա՜նձր, անթափա՜նց
Ամենուրեք, ամենայն տեղ յուր թևերն է տարածած.
Եվ տխուր է մայր-երկիրը, տխուր որպես սգավոր,
Նա տանջվում է խավարի մեջ՝ կարոտ օրվան լուսավոր։
Տխուր է և՛ իմ խեղճ հոգին, մռայլ որպես այդ գիշեր,
Նորան հալում ու մաշում են ազգիս ցավերն ու վշտեր…
Եվ նա տանջվում, տառապում է մայր–երկրի պես ցավագար,
Խղճուկ ազգիս աղերսում է նա երկնքից օր պայծառ…
Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մայր երկրի հետ և ես տխուր լույս օրվան եմ սպասում…
Օ՜, հանդարտվի՛ր, դու խեղճ երկիր և դու սիրտ իմ խռովահույզ,
Ահա մըռայլն հալածվում է… քաջահաղթ է արշալույս…
1890, 5 մայիսի
ՆԵՆԳԱՎՈՐԻՆ
Քանի քո շուրջ տգիտության
Դեռ տիրում է խոլ խավար,
Քանի լույսը ճշմարտության
Դեռ հալածվում չարաչար,—