Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դալար հովտում երգեց սոխակ
Երգն էր անուշ ու գողտրիկ.
Եվ հիշեցրեց նա ինձ մի կյանք,
Անցած մի կյանք երջանիկ։
1890, 11 մայիսի


ՏԽՈՒՐ ՎԵՊ

Նվեր N…–ին

I

                     Тяжелый крест достался ей на долю;
                     Страдай, молчи, притворствуй и не плачь;
                     Кому и страсть, и молодость, и волю —
                     Все отдала — тот стал ей палач.
                                                               Некрасов


Անմեղ հըրեշտակ նա աշխարհ եկավ.
Երկնատուր մի զարդ երկրին պարգևած.
Հույս, սեր ու հավատ նա յուր հետ բերավ,
Կուսական սրտի խորքերում պահված։
Եվ լի հավատով, ոսկեվառ հույսով
Մտերիմ ընկեր ընտրեց նա մեկին.
Նա սիրեց նորան անխարդախ սիրով,
Նորան նվիրեց յուր սիրտն ու հոգին…

II

Բայց, ավա՜ղ, խղճուկ, պարզամիտ մանկան,
Երկար չը ժպտեց նա այս աշխարհում…
«Սիրված մտերիմ» ընկերը նորան
Պատրաստեց դառըն, թունավոր անկում…
Եվ ընկավ մանուկն անբիծ, անարատ,
Վշտամաշ սրտով, փշրված հույսերով.
Թոշնեց նա որպես հրաշալի մի վարդ՝
Պոկված, տրորված կոպիտ մատներով…
1890, 31 մայիսի