Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քո դիմակը դըժոխային
Միշտ կը փայլե, կը շողա,
Եվ չարանենգ քո սև հոգին
Աչքից անտես կը մնա…
Բայց երբ կը գա ցանկալի օր
Պայծառ լուսո հաղթության
Եվ խավարը էլ քեզ հըզոր
Չի լինիլ զենք ու պաշտպան,—
Այն ժամանակ, ո՛վ նենգամիտ,
Կը մերկանան մեր աչքին
Ե՛վ դիմակը զազիր դեմքիդ,
Ե՛վ քո խավար, սև հոգին…
1890, 7 մայիսի


ԷԼԵԳԻԱ

Դալար հովտում երգեց սոխակ,
Երգն էր անուշ ու գողտրիկ,
Եվ հիշեցրեց նա ինձ մի կյանք,
Անցած մի կյանք երջանիկ։

Ես հիշեցի սիրո գարուն
Եվ հըրապույր խանդավառ,
Սիրող կուսի պատկեր սիրուն,
Հայացք անմեղ ու պայծառ։

Ես հիշեցի քաղցրիկ ժամեր
Սիրաբորբոք վայելքի.
Այրող ժըպիտ ու համբույրներ
Ջերմ, կուսական շրթունքի։

Ես հիշեցի կախարդական
Շա՜տ գիշերներ, շա՜տ օրեր…
Սիրող սըրտին նվիրական
Շատ ցընորքներ ու հույսեր…