Զգալ ձեզ մենակ, անտեր, անխընամ,
Լացի մեջ միայն գտնել փրկություն…
Օ՜հ, որքան ծանր են, որքա՜ն դառնագին
Այդ ցնցումները հոգու տառապման…
Եվ այդ ամենը զգաց իմ հոգին,
Երբ խղճուկ մորըս դրի գերեզման…
1890, 16 հունիսի
ՎԱՍՏԱԿ
Հո՛գ չէ, տանջվի՛ր, չարքա՛շ մշակ, քրտինք թափիր դու անվերջ, Թո՛ղ քրտինքովդ մայր-երկիրը կշտանա.
Զուր չի անցնիլ քո տանջանքը. այնտեղ երկրի կրծքի մեջ Քո քրտինքը նոր ուժ, նոր կյանք կստանա։
Տանջվի՛ր, եղբա՛յր, ուրախ սրտով. քո տանջանքում քրտնալից Կա սուրբ վաստակ. երկնքիցն է նա օրհնված.
Թափի՛ր քրտինք, երկրի մշա՛կ, մայր-երկիրը յուր կրծքից Քեզ լիառատ կը պարգևե արդար հաց։
1890, 6 հուլիսի
ՆՈՐԱ ԱԼԲՈՄՈՒՄ
Լռիկ նայում եմ չքնաղ պատկերիդ,
Որպես սիրովըդ կախարդված սոխակ,
Նայում եմ պայծառ, սիրուն աչերիդ
Եվ հոգիս կարծես զգում է նոր կյանք։
Կարծես քո գգվող, քաղցր հայացքում
Ժպտում է ինձ մի նոր սիրո գարուն,
Եվ հեգ, ցավատանջ իմ մատաղ կրծքում
Զգում եմ նորից սիրո ջերմություն։
Կարծես իմ առջև տեսնում եմ բացված
Մի նոր երջանիկ ծաղկալից աշխարհ,
Ուր քո սիրովըդ ճակատս պսակված՝
Ապրում, շնչում եմ միայն քեզ համար…