Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ՜, օրհնյալ լինի այն քաղցրիկ րոպեն.
Երբ քեզ բոցավառ պատմեցի իմ սեր,
Եվ վարդ-շրթունքիցդ սիրույս փոխարեն
Ես մի ջերմ համբույր ստացա նվեր…


ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐ

I

Այն գիշերը կախարդիչ էր,
Նվիրական իմ հոգուն.
Երգում էի ես վարդ ու սեր,
Օրհնում սիրո վարդ-գարուն.

Այն գիշերը գարնանային
Ինձ նոր կյանք էր ներշնչում,
Ինձ ժպտում էր սիրուն լուսին
Աստեղավառ երկնքում.

Եվ նազելիս անհագ սիրով
Հառած վրաս յուր աչեր,
Շշնջում էր մեղմիկ ձայնով.
«Սիրում եմ քեզ, իմ ընկե՛ր…»։


II

Տաղտկալի է այս գիշերը.
Ցուրտ է պատել իմ սրտին.
Ինձ չեն ժպտում էլ աստղերը,
Էլ չի շողում պարզ լուսին։

Օ՜հ, այս գիշերն աշնանային,
Որպես խորին տառապանք,
Պաշարել է իմ խեղճ հոգին,
Չկա՛ էլ սեր, սիրո կյանք…