Եվ ես մենակ թափառում եմ Ավե՜ր, անշո՜ւք պարտիզում
Եվ վշտանում, տառապում եմ, Սիրույս կորուստն եմ ողբում…
1890, 8 հուլիսի
♦
Սիրելի ես, նվիրական, դու իմ քաղցըր հայրենիք,
Քո սուրբ ծոցում անցուցել եմ ես շատ օրեր երջանիկ.
Քո երկինքը անամպ, պայծառ, քո դաշտերը ծաղկավուն
Ինձ շատ անգամ ոգևորել, կյանք են շնչել իմ հոգուն։
Սիրելի եք և դուք, կուսանք իմ հայրենի աշխարհի,
Դուք նազելի, հըրապուրիչ, չքնաղ դստերք հարավի.
Ես շատ անգամ սիրականիս սըրտիս սերը երգելով,
Ե՛վ ձեր սերն եմ ես հիացած՝ փառաբանել իմ երգով։
Թո՛ղ ես այժմ բախտահալած՝ երկրե երկիր թափառեմ,
Թո՛ղ ես այժմ սիրուց զրկված՝ օր ու գիշեր արտասվեմ,
Դուք ինձ համար դարձյա՛լ քաղցր եք և մի՜շտ քաղցր կը մնաք։
Օ՜, հա՛յ աշխարհ — իմ հայրենի՛ք և դուք, չքնա՛ղ հայ կուսանք։
1890, 10 հուլիսի Մոսկվա
Ա՜Խ, ԵՐԱՆԻ ՉԷ՞…
Ա՜խ, երանի չէ՞ մի օր մեր առաջ
Բացվեր ցանկալի մարտի դաշտն ահեղ,
Ուր և՛ հայորդին՝ խղճո՜ւկ, ցավատա՜նջ
Գեթ սրով աներ յուր ցավին մի դեղ,
Ուր կարողանար նա արյան գնով
Ազգին պարգևել հաղթության պսակ,
Կամ թե չէ հաղթված, բայց ազատ հոգով
Շունչ փչեր իբրև ազգի նահատակ։
Ա՜խ, երանի չէ՞ այս ստրկությունից
Զորավոր ձայնը սուրբ ազատության