Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու միշտ ապրեցիր հին-հին երգերով,
Պատմական բարձեր գըլխիդ տակ դրած…
Հնության ժանգից գոսացան քո մեջ
Ե՛վ ուժ, և՛ եռանդ, և՛ գործի փափագ.
Քեզ հին սերունդը քարոզեց անվերջ
Պաշտե՜լ մասունքներ, պաշտե՜լ ավերակ…
Սթափվի՛ր, ա՛զգ իմ, տես քո առաջև
Նոր կյանք է բացվում, նոր օր լուսանում —
Այդ նոր սերունդն է դեպի լույս-արև
Պարզած յուր դրոշն՝ քեզ առաջ տանում։
Նա մատաղ մըշակ, մատաղ աշխուժով
Փշրում է ժայռեր, խորթ ուղիղ հարթում,
Ասպարեզ ելած թարմ մըտքի ուժով,
Անշարժ սերունդիդ կուռքերն է ջարդում։
Նորա անվեհեր ձայնին ունկնդիր,
Ազգ իմ, դու հառա՜ջ, հառա՜ջ համարձակ
Դու նորան սիրի՛ր, նորան փայփայի՛ր,
Եվ կյանքի կռվում քոնն է հաղթանակ…
|
|
ԵՐԳ
Սիրո՛ւն գարուն, կանա՛չ գարուն,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Դու մեզ բերիր լաց ու արյուն —
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Երգում էի ջերմ կարոտով,
Գովքըդ անում ամեն օր,
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով
Միշտ լցված էր սար ու ձոր։
|
|