Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ուզո՞ւմ ես դու ողջ էությամբ նորոգված,
Ամենայն ինչ, ողջ երկրայինն մոռանալ,
Մտքով ազա՜տ, կյանքի լուծը թոթափած,
Անուրջների պայծառ աշխարհ վերանալ,
Գրկե՜լ հոգով տիեզերքը բովանդակ —
Դո՛ւրս եկ ծովափ արշալույսի ժամանակ։

Օ՜, այդ ժամին դու կըտեսնես, դու կըզգաս
Անհաղթ ուժը, անհաս փառքը արարչի —
Ո՛վ է և մեծ, և՛ երկրի տերն հանապազ.
Եվ ո՞ւմ պետք է մարդս կյանքում ճանաչի։
1896, Գուրզուֆ


9
ԵՐԿՈՒ ՓՈԹՈՐԻԿ

Այս չարագուշակ, ահավոր ժամում,
Երբ ծովն ալեկոծ քար քարին տալով
Խուլ, դժոխային ձայներ է հանում
Եվ ափեր լիզում սպիտակ փրփուրով.
Եվ հսկայական լեռների նըման
Մերթ բարձրանում են վայրագ ալիքներ,
Եվ մերթ խորտակվում ու ծովի վերան
Բացվում ահռելի, խավար անդունդներ,—

Ես նստած ափին, պղտոր հայացքով
Ահեղ տարերքի խաղին եմ նայում.
Նայում — և տանջված, վշտահույզ մտքով
Հեռո՜ւն, դեպի մյուս եզերք սըլանում։
Ե՛վ այնտեղ ահա մի ա՛յլ արհավիրք.
Սոսկալի՜ մի խաղ անողոք կյանքի.
Այնտեղ տեսնում եմ արյա՜ն փոթորիկ.
Նահատակությո՜ւն մի ամբողջ ազգի։