Մեռնում է օրն… Զովն իրիկվան
Թավ սաղարթին փարելով,
Խոնավ շունչ է թողնում վըրան
Ու մեղմ սահում դեպի ծով։
Եվ խաղում է նա ծովափին,
Ծովի ծըփուն ծալքերում.
Ու շըշնջում. «Մեռա՜վ արփին,
Գիշեր — կյանք եմ ես բերում…»։
ԱՆՏԵՐ ԳԵՐԵԶՄԱՆ
(Նմանողություն)
Ահա՛ գերեզման մոռացվա՜ծ, անտե՜ր,
Ուր հանգչում է այն հերոսն անվեհեր,
Որ հայրենիքի սուրբ սիրով վառված,
Նորա՛ն էր մատաղ կյանքը նվիրած։
Նա թաղվեց յուր չար ոսոխի ձեռքով,
Անլաց, անդագաղ, խեղճ, անտիրական.
Ո՛չ խաչ է կանգնած, ո՛չ էլ քար դրված
Անմահ հերոսի սուրբ շիրմի վերան։
Միայն դեռաբույս համեստ ուռենին
Կանգնած է մենակ լայն դաշտի միջին.
Նա գիշեր ցերեկ ողբում է, սըգում,
Կատարը թեքած դեպի գերեզման,
Եվ այնտեղ նիրհող հերոսին պատմում
Հայրենի երկրի վիճակն անպաշտպան.
«Դեռ չար ոսոխի ճնշող լուծի տակ
Տնքում, հեծում է քո խեղճ հայրենիք,
Եվ ազատության փայլուն արեգակ
Դեռ նա չի տեսնիլ… Կանցնեն շա՜տ տարիք,
Քո հայրենիքում սակավ են քաջեր,
Եվ դեռ զորեղ է թշնամին դաժան,
Ամեն տեղ ճնշում, ամեն տեղ ավեր,
Դեռ չեն դադարել լաց, կոծ ու շիվան…»