Շավիղ դեպի լույսը անշեջ,
Դեպի արև կենսատու —
Դու մի՛ հուսալ, չարքաշ մշա՛կ,
Սուրբ վաստակիդ հատուցում.
Մարդկանց աչքում ծաղր է — ծանակ
Ամեն մի վեհ զգացմունք...
Բայց թե քո մեջ չըկա անկեղծ
Սեր դեպի մի վսեմ գործ.
Ավերիչ ես, որպես մի ցեց.
Թունավորող — որպես օձ։
Թե պատրաստ ես դու նենգ խոսքով
Պաշտպան կանգնել բըռնության.
Մերձավորիդ փոս փորելով՝
Մատնել նորան դառն անկման…
Հուսա՛, ո՛վ մարդ, և լիահույս
Դու քեզ խնդրիր դափնիներ.
Դարուս ոգին անտարակույս
Կարդարացնե քո հույսեր…
Կը վայելես դու փառք, հռչակ,
Սև գործերիդ դըրվատում.
Եվ իբր հաղթող — կը կրես պսակ
Դու այս խարդախ աշխարհում…
1887, 6 օգոստոսի
ԶԵՅԹՈՒՆԻ ՀՐԴԵՀԸ
1887 թ.
(Հատված)
… Ահա՛ նա, առյուծ, հերոս զեյթունցին
Անհաղթ զավակը ազատ բընության.
Ձեռքում հըրացան, սուսերը մեջքին՝
Կանգնած է առջևս։ Նայեցե՛ք նորան —
Որպիսի՜ հսկա և պարթև հասակ,