Որպիսի՜ ուժեղ, հըզոր բազուկներ.
Թիկունքը ամուր, կուրծքը լայնարձակ —
Ահա՛ քաջության կենդանի պատկեր.
Ահա՛ հայ հերոս, որի քաջ հոգին
Վառված է հըրով վեհ ազատության,
Եվ որի առջև ոսոխ թշնամին
Դողում է, որպես տերևը աշնան։
Նա ահռելի է… Բայց, ավա՜ղ, այսօր
Մի ինչ–որ ծանըր, սրտամաշ թախիծ՝
Խեղդած հսկայի ձայնը ահավոր՝
Արցունք է քամում նորա աչքերից…
Արցո՜ւնք… ո՛հ հերոս, ես չեմ հավատում,
Մի՞թե ողբում է, իրավ, քո հոգին.
Պատմի՛ր, ի՞նչ վիշտ է քո սիրտը կրծում,
Այդ ի՞նչ սև ամպ է քո զվարթ դեմքին…
Հերոսը լուռ է… բայց ահա՛ հանկարծ
Ընդհատվում է այդ խորին լռություն,
Եվ ես լսում եմ արցունքից խեղդված
Քաջի մրմունջը. «Այրվո՜ւմ է Զեյթուն…
Այրվում է Զեյթուն… ողբալի՜ պատկեր,
Նայեցե՛ք ահա բոցը կատաղի
Լափում է անխնա և դարձնում ավեր
Անառիկ վայրը հայ հերոսների…
Այրվում է Զեյթուն… օ՜, ծա՜նըր հարված
Սարսափ է տիրել ամբողջ Տավրոսին.
Ողբում են հայրեր՝ ծուխի մեջ խեղդված,
Ողբում են մայրեր՝ որդիքը գըրկին.
Այրվում է Զեյթուն… օգնեցե՛ք, հայե՛ր,
Դա՛ռն է ճգնաժամ, տխո՛ւր է վայրկյան…
Ո՜հ, մեր հարազատ եղբայրք ու քույրեր
Անտուն, անտեր են… հասե՜ք օգնության…»։