Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թո՛ղ այսօր մահվամբ անողոք խոցված,
Քո ազատ երգիչն անկյանք, անբարբառ,
Լըռե հավիտյան, աչերը փակած,
Որպես տարաբախտ բըլբուլ նետահար.
Թո՛ղ մահու կապանք, խավար գերեզման
Խլացնեն երգչիդ ձայնը կորովի,—
Դու կայուն, որպես ժայռը անսասան,
Դու հզոր, որպես ալիքը ծովի,
Չես մեռնիլ երբե՛ք, օ՜ երգ անմոռաց.
Եվ քանի հայ ազգն ապրում է, տանջվում
Դու լքյալ հայի հոգին կախարդած՝
Հավերժ կըթնդաս հայրենի երկրում…


* * *–Ի ԱԼԲՈՄՈՒՄ

Անօթևան ճամփորդի պես վաստակած,
Ես շատ անգամ իմ անպաճույճ երգերում
Սիրույս համար մի անկյուն եմ աղերսած,
Բայց չեմ գտել ես այն կանանց սրտերում…

Գիտեմ, հոգյա՛կ, որ և՛ այժմ չըկոչված,
Պատահական ես մի հյուր եմ քո աչքում,
Բայց թո՛ղ գոնե սիրույս տենչանքն անմոռաց
Մընա այստեղ — այս ալբոմիդ էջերում…


ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՆ

Ինձ ասում են. «Զո՜ւր ես այդպես, ո՛վ պոետ,
Օր ու գիշեր դու սեր երգում աշխարհին,
Եվ ցավատանջ ու տխրագին երգիդ հետ
Փառաբանում նաև սիրած քո յարին»…

Ինձ ասում են. «Հավատացիր, որ սիրուն
Չարժե բնավ մարդ յուր սիրտը նվիրե.
Խաբուսիկ են և՛ սիրո վարդ, և՛ գարուն,
Եվ նազելիդ վաղն ուրիշին կըսիրե…»։