Որպես պղտոր ծով, լափել է ուզում
Դալար ափ դիմող արի՜ լողորդին։
Զինամոլության ոգին ավերիչ,
Հանուն ազգային առաջդիմության,
Մարդասպան սըրով փշրում է գըրիչ
Անպարտին ճնշում երկաթե շղթան.
Օ՜, մեր լուսավո՛ր, գովա՛ծ դարավերջ,
Ահա քո բաշխած լույսը աշխարհին.
Կեղծի՜ք, չարությո՜ւն, հալածա՜նք անվերջ—
Ահա՛ քո ավանդն հետագա դարին...
[1898]
ԹԵ ՔԵԶ ՕՏԱՐ ՉԷ...
Թե քեզ օտար չէ, ո՛վ կույս նազելի,
Այն վառ աշխարհը վառ երազների,
Ուր միայն սիրող հոգին անարգել
Սիրո թևերով գիտե սավառնել.
Թե մատաղ սիրտըդ զգում է անհագ
Ծարավ իդեալի, գործելու փափագ.
Թե կրծքիդ խորքում կա մի սրբազան
Անձնուրաց սիրո մաքուր զոհարան.
Ուր միշտ հնչում են անկեղծ, ոգեշունչ
Ե՛վ սիրո աղոթք, և՛ սիրո մրմունջ.— Ա՛ռ քեզ իմ սերը... Իմ մենա՜կ կյանքին, Եղի՛ր, հա՛յ աղջիկ, ընկեր անմեկին։
Բայց թե քո սրտին խորթ են ու օտար
Սիրո անուրջներ, ցընորքի աշխարհ,
Թե դու զավակ ես փարթամ ու շքեղ
Այն անմիտ կյանքի, ուր միշտ սիրո տեղ,
Փայլում է ոսկին, հնչում է մետաղ.
Ուր կեղծ է և՛ լաց, շինծու և՛ ծիծաղ...
Թե քո օրերն էլ անցնում են, ո՛վ կույս,
Անհոգ, անխորհուրդ — և հոգիդ անհույս
Նիրհում է անշարժ, կանգուն ջըրի պես,