Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք կյանք մաշեցինք այս անհավասար,
Դարևոր կռվի փոթորիկներում,
Բայց հաղթանակի այգը լուսավառ
Չշողաց մի օր հայրենի երկրում։

Թափվեց և՛ արյուն, ընկան և՛ զոհեր,
Բյուրավոր զոհեր անզուսպ չարության,
Բայց դարձյա՛լ նույն վիշտ, նույն դաժան օրեր,
Նույն խավար կյանքը, որպես գերեզման...

Վերջ ուրախ երգիս. իմ չքնա՛ղ մանուկ.
Էլ ի՞նչ ուրախ երգ ներկա օրերում.
Տե՛ս. ծով է կապել հայի արտասուք,
Կյանքը սևացել հայրենի երկրում...


ԴԱՐԵՐ ԵԿԱ՛Ն...

Դարեր եկա՜ն, դարեր անցա՜ն,
Բայց դու հիվանդ, ուժասպառ.
Քո վերքերը չամոքվեցան,
Իմ բազմատանջ հայ եղբայր։

Երկինք հասավ սրտիդ մորմոք,
Քարը ճաքե՜ց քո լացից.
Լսե՛ց աշխարհ... Բայց քեզ ոչ ոք
Չեղավ անկե՜ղծ կարեկից։

Որպես բախտի մի խորթ զավակ.
Մոր գգվանքին կարոտած.
Դա քամեցի՛ր վշտի բաժակ.
Սրտիդ — արյուն, աչքիդ — լաց․

Մանուկ օրից տեսա ես միշտ
Փշյա պսակ քո ճակտին.
Կյանքիդ ընկեր — ցավեր ու վիշտ
Կյանքիդ երկինք — միշտ մըթին։