Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսօր էլ քեզ տեսնում եմ,
Դու դարձյալ խեղճ, դու անտեր,
Հոգիս մռայլ՝ արտասվում եմ,
Երգում խորունկ քո վերքեր։

Բայց, ա՜խ, իմ թույլ, հիվանդ եղբայր.
Քո խոր խոցերն երգելու
Թույլ է իմ ձայն, թույլ — իմ քընար,
Անզոր — և՛ խոսք, և՛ լեզու։


ՀԱՅ ՍԱՅՐԵՐԻՆ

(Սասունի կոտորածի առթիվ)

Որդեկորույս խղճո՛ւկ մայրեր,
Մի՛ լաք այդպես դառնագին,
Որ սիրասուն ձեր զավակներ
Կյանքը զոհած հեգ ազգին,
Մատա՜ղ օրեր, ծաղի՜կ հասակ,
Ծընող, քույրեր մոռացա՜ն,
Եվ սուրբ գործի քաջ նահատակ՝
Ռազմի դաշտում փռվեցա՜ն...

Ո՛չ հոգեբուխ սուրբ աղոթքը
Օրհնեց անթաղ դիակներ,
Ո՛չ մայրական դողդոջ ձեռքը
Փակեց անկյանք, սառն աչեր.
Միայն երկինք — խավար երկինք
Արյամբ ներկված աշխարհի
Տեսավ բարձրից, օրհնեց լըռիկ
Վերջի՜ն շունչը քաջերի...

Բայց դուք մի՛ լաք, ո՞վ հայ մայրեր.
Ձեր սնուցած քաջ որդիք
Չէին սիրում արտասուքներ.
Երբ բազմատանջ հայրենիք