Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես բնականն է, ինչպես կա: Խոսքը տանք «Հորիզոնին». «Ախալցխայից եկողները հաղորդում են որ այնտեղ կյանքը բոլորովին մեռել է։ Տաճիկների հրամանները ազգաբնակչությունը կատարում է։ Գավառապետի կողմից պատերին փակցված է տաճկերեն (թուրքերեն — Ս. Ա.), հայերեն և վրացերեն լեզուներով հայտարարություն, որով արգելվում է ժողովրդին երեկոյան ժամը 10-ից հետո դուրս գալ և տներում խնջույք անել։ Օգտվելով դրանից՝ տաճիկները գիշերները սայլերով տանում են ամեն բան՝ հաց և ուրիշ մթերքներ Ախալքալաքի վրայով դեպի Ալեքսանդրապոլ (իհարկե, ոչ հայերի համար… Ս. Ա.): Սայլապաններին վարձ չեն տալիս։ Առաջ հացի փութն արժեր 6 ռ., այժմ դարձել է 12 ռ., իսկ ֆունտը ծախվում է 60 կոպեկով, ձվի հատը՝ 15 կ. գետնախնձորի ֆունտը՝ 10 կոպեկ։ Տաճիկներն արգելում են Ախալցխա տանել լրագիր, նամակ և զենք… Պոստը, գանձարանը և ուրիշ հասարակական հիմնարկությունները փակ են։ Առևտուրը պակասել է 90 տոկոսով…»[1]։

Նույնիսկ տեղական թուրքերը, որոնք այնքան շատ էին շահագրգռված և անչափ շատ նպաստեցին իրենց ավագ եղբոր՝ Օսմանյան Թուրքիայի, հաղթանակին, այժմ դժգոհում էին նրանից, որովհետև թուրքական իշխանությունները առաջին օրերին 18—40 տարեկան համարյա բոլոր թուրք տղամարդկանց տարել էին բանակ, որի հետևանքով բոլոր դաշտային աշխատանքները կանգ էին առել։ Զորահավաքի ենթարկվածներին հագուստ չէին տալիս, ռոճիկ չէին տալիս, կերակրում էին շատ վատ։

Ախալցխայում ասկյարների թիվը հունիսի կեսերին արդեն հասնում էր 3 հազարի, որոնց տանում էին Բաքու[2]։

Տեղին է այս միտքը եզրափակել Ե. Սիմանյանի խոսքերով. «Գիշերն անթափանց խավարով պատեց որբացած քաղաքն ու նրա շրջակա հայ գյուղերը։ Սկսվեց թուրքական տիրապետության վեցամսյա շրջանը։ Ծանր, դժնդակ գիշեր, ծանր, կոշմարային օրեր»[3]։

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ. № 143։
  2. Տե՛ս նույն տեղում։
  3. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 48։