Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի դեպ, սրանք այն հայերն են, որոնք մասին կարդում ենք «Հորիզոն» թերթում[1] տպագրված Ա. Աղայանի (հավանաբար վերոհիշյալ պատվիրակն է) ապրիլի 9-ին Բոլնիս — Խաչենից ուղարկած «Դրությունը Բորչալուի գավառում» հոդվածում, որտեղ թղթակիցը տեղեկացնում է, որ Բոլնիս—Խաչեն գյուղից 15 վերստ հեռավորության վրա գտնվող քրիստոնյաներով բնակվող փոքրիկ գյուղերը քարուքանդ են արված, իսկ դրա հեղինակն է Էմին-աղա Աջալովը (հավանաբար վերոհիշյալ պատվիրակի ազգականներից է), Բոլնիս—Խաչենի ճանապարհները թուրքերը փակել են և բոլնիս―խաչեցիները ավերված գյուղերի փախստականներին չեն կարողանում օգնել… Կանայք գերի են տարված և ամեն մի գերու ազատության համար 400 ռուբլի փրկագին են պահանջում, հայերը խոստանում են փրկավճարը տալ և ազատել գերիներին, բայց Էմին-աղա Աջալովս արգելում է… Թուրքերի զինված խմբերն ամեն կողմից գալիս հավաքվում են տվյալ շրջանում…

Այստեղ, Գանձայում, պատվիրակ Աջալովը խնդրում է ազատել Սաղամոյի թուրքերին, նրանց հնարավորին չափ նյութական օգնություն ցույց տալով։

Գանձայի քահանա Տեր-Գրիգորյանը նրան պատասխանում է, որ Սաղամոյի թուրքերը գերիներ չեն, այլ կամովին դիմել են գանձացիներին, խնդրել, որ իրենց տեղ տան… Այդ բանում համոզվում է նաև ինքը՝ Աջալովը, զրուցելով սաղամոցիների հետ։

Այնուհետև Աջալովը խնդրում է ազատ արձակել ամբողջ Ախալքալաքի գերված թուրքերին…

Քահանա Տեր-Գրիգորյանը հաշտության պատվիրակությանն է ներկայացնում փոխ-գնդապետ Առաքելյանի (Առաքելով) պաշտոնական գրությունները, որոնցով գավառի զինվորական իշխանության ղեկավարը գանձացիներին առաջարկում և կարգադրում է պաշտպանել սաղամոցիների կյանքն ու գույքը։

Ժողովում հայերի և թուրքերի կողմից երկուստեք ներկայացվեցին պահանջներ, արվեցին առաջարկություններ, և, վերջապես, Հաշտության պատվիրակության հանձնաժողովն ընդունեց հետևյալ բանաձևը.

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 76: