Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահագործել Կովկասը և իրականացնել հայերի լրիվ ոչնչացումն Անդրկովկասում։ Մայիսի 13-ին թուրքերը վերջնագրով պահանջել են իրենց հանձնել Կարս-Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը, նախօրոք այդ մասին չհայտնելով ինձ և չստանալով իմ համաձայնությունը»[1]։

Թուրքերը Ղարսը գրավելուց հետո առաջ շարժվելով դեպի Ալեքսանդրապոլ, գրավել էին միաժամանակ նաև Չըլդըրի և Աղբաբայի տարածքները և ընդհուպ մոտեցել Ջավախքի, այսինքն, ռուս-թուրքական 1877-ի սահմանագծին։ Այստեղ ևս արհամարհելով Բրեստի պայմանագիրը, թուրքական հրեշը, որքան էլ թուլացած, այնուամենայնիվ, պատեհ առիթը չէր ուզում ձեռքից բաց թողնել։ Անդրկովկասյան ֆեդերատիվ հանրապետությունը իրենից ռեալ ուժ չէր ներկայացնում։ Տեղական թուրքերը երկրում ստեղծում էին անկայուն վիճակ և օգնում էին մեծ եղբոր հաղթարշավին։ Գանձակի և Շամախու թուրքերը Բաթում էին ուղարկել մի պատվիրակություն մուսավաթական կուսակցության հայտնի անդամ բժիշկ Սուլթանովի գլխավորությամբ, որը լիազորված էր դիմելու Թուրքիայի կառավարությանը՝ իրենց Օսմանյան կայսրության կազմի մեջ ընդունելու համար[2]

Ռուսաստանն ուներ իր ավելի հրատապ գերխնդիրները և նույնպես թուլացած էր ու չէր կարող միջամտել գործնականորեն…

Ոչ մի իրական ուժ չկար ռեգիոնում, որ կարողանար խանգարել Թուրքիային՝ իրականցնելու իր փայփայած վաղեմի երազանքը։

Ալեքսանդրապոլը մեծ արագությամբ ու հաջողությամբ գրավելուց հետո, թուրքական բանակի մի քանի ջոկատներ, Կարսի և Չըլդըրի զինված բաշիբոզուկների ուղեկցությամբ մայիսի 20(7)-ի գիշերը անցնելով Կարծախի լեռնանցքով՝ հանկարծակիի բերին Կարածախի պաշտպաններին… Իսկ թուրքական զորքերի մեկ ուրիշ նմանատիպ մեծ խումբ շարժվեց դեպի Ախալքալաքի գավառի արևելյան մասը՝ Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի վրա։

  1. Տե՛ս Из истории иностранной интервенции в Армении в 1918 г., Документы, Ереван, 1970 г., с. 116.
  2. Տե՛ս «Մշակ» 1918թ., 15(2) մայիսի, № 89։