քերն էլ կարող են իրենց բաժինն ստանալ… Ահա, և այստեղից էլ սկսվել է ամեն ինչ։
Այս առաջին նիստին հանդես գալով մի շարք ժողովականներ՝ արտահայտում են տարբեր մտքեր և անում զանազան առաջարկություններ։
Բոլորը ցնծությամբ ընդունեցին Զ. Զորյանի առաջարկությունը՝ առաջիկայում գավառի բոլոր ազգերի ներկայացուցիչների համագումար հրավիրել։
Ազգամիջյան խորհրդի երկրորդ նիստը, որ տեղի ունեցավ հունվարի 17-ին, նվիրված էր համագումարի նախապատրաստմանը։ Որոշվեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստվել և համագումարն անցկացնել Ախալցխայում։ Ընտրվեց կազմկոմիտե, որի մեջ մտնում էին յուրաքանչյուր ազգից երեք ներկայացուցիչ։ Կազմկոմիտեի մեջ էին նաև քաղաքագլուխն ու գավառի կոմիսարը։ Նիստում որոշվեց նաև Միջկուսակցական խորհրդի անդամներից պատվիրակություններ ուղարկել գավառ[1]։
Թուրքերը բոլորովին էլ չէին հանգստացել։ Կարելի է ասել, դեռ նոր էին սկսում իրենց սև գործը…
Հունվարի 19-ին, ժամը մոտ 14-ին Ախալցխայից 7 վերստ դեպի արևելք գտնվող Ճալա հայկական գյուղից մի ձիավոր սրընթաց գալով քաղաք՝ ահազանղում է, որ զինված թուրքերը լցվել են Ճալայից ոչ հեռու գտնվող Մինաձե (Մինազա) թուրքական գյուղը։ Այս երկու գյուղերը իրարից բաժանում է Քուռ գետը։ Մինաձեն գտնվում է գետի աջ ափին, իսկ Ճալան՝ ձախ ափին։ Նրանց իրար է միացնում կամուրջը։
Բոթն հաղորդող ձիավորն ասում է, որ թուրքերը ճալացիների հետ հրացանաձգության են բռնվել։ Արդեն ամեն ինչ պարզ էր։ Ճալացիների պարտության դեպքում թուրքերը ներխուժելու էին քաղաք։
Անմիջապես խանութները փակվում են և 5 րոպե հետո զինված ու պատրաստ խմբերը փողոց են դուրս գալիս։ Հեծ-
- ↑ «Շարժում», 1918 թ., №4 և №5: