Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գլուխ առաջին
ԱԽԱԼՑԽԱՅԻ 1918—Ի ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ


ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ


Ախալցխայի գավառը հայկական և վրացական աղբյուրներում հիշատակվող Սամցխեն է: Այն կոչվում է նաև Մեսխեթ՝ մոսոխների կամ մեսխերի երկիր, որտեղ անհիշելի ժամանակներից ի վեր ապրել են հայերն ու վրացիները[1]: Սամցխեն հարևան Աճարայի հետ Արտաշես Ա-ի օրոք (մ.թ.ա. մոտ 185 թ.) միացվել է Մեծ Հայքի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը` Գոդերձական անունով։ 37 թ. Սամցխեն միացվեց Վրաստանին։ 1236-ին մոնղոլները տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը: Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266-ին, մոնղոլների օգնությամբ, Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությունը, որը ենթարկվում էր մոնղոլների Հուլավյանների իշխանությանը, կիսանկախ էր: 14-րդ դարում Սամցխեի աթաբակություն էր, կառավարիչներն ունեին աթաբակի տիտղոս: Ախալցխան ծաղկել է Մեսխեթի Զաղելիների նստավայրը դառնալով։ 1416-ին Կարա-Կոյունլու ցեղապետ Կարա-Յուսուֆը ավերել է Ախալցխան: 1579-ին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ, որպես Ախալցխայի փաշայություն։ Ախալցխան և ամբողջ փաշայությունն (Ախալքալաքի հետ միասին) 1829-ին միացվեց Ռուսաստանին։ 1830-ին Կարինից (Էրզրում) գաղթեց և Ախալցխայում բնակություն հաստատեց 2536 հայ ընտանիք, մնացած գաղթականները բնակություն հաստատեցին Ախալցխայի գյուղերում և Ախալքալաքում[2]:

  1. Տե՛ս «Պատմա-բանասիրական» հանդես, 1967 թ., 1, էջ 117: (Կ. Գ. Ղաֆադարյան. «Նյութեր Ախալցխայի հայ համայնքի պատմության վերաբերյալ»):
  2. Տե՛ս ՀՍՀ հ. 1., էջ 196: Նաև «Հայաստանի և հարակից շրջ. տեղ. բառ.», հ. 1, էջ 107: