Էրզրումի գրավումը թուրքական բանակի կողմից ավելի համարձակ դարձրեց Անդրկովկասի թուրքերին։ Ախալցխալի գավառի թուրքերը, ոգևորվելով իրենց ցեղակիցների հաջողություններով ռազմաճակատում, շարունակում էին գավառում հարձակվել վրացական հեռավոր, շրջապատման մեջ գտնվող գյուղերի վրա։ Դեռևս փետրվարի կեսերին նրանք գրավելով Քուռ գետի ձախ ափի տասը գյուղեր, ամբողջովին թալանել էին, ավերել, հրդեհել, բնակչությանը կոտորել, կանանց ու աղջիկներին բռնաբարել և կատարել այլևայլ բռնություններ ու դաժանություններ, որոնք հատուկ են նրանց դիվային էությանը…
Թուրքերին համակել էր անպատժելիության զգացումը, որի հետևանքը եղավ Ածղուրի մարտի 6-ի սպանդը։
Ռազմաճակատում մեր զորքերի անհաջողությունները, թիկունքում՝ տեղական թուրքերի լկտիություններն ու սպառնալիքները ստիպում էին Ախալցխայի գավառի հայերին ու վրացիներին, բավարար քանակով զենք ձեռք բերել։
Շաբաթներ առաջ Թիֆլիսում հայթայթված մեծ քանակությամբ զենքն ու զինամթերքը բերվել էր Բորժոմի, սակայն այն չէին համարձակվում հասցնել Ախալցխա, որովհետև Ածղուրում թուրքերը կխլեին։ Երկարատև պաշարման հետևանքով այդ ռազմամթերքի անհրաժեշտությունն օրավուր մեծանում էր, իսկ փոխադրելը՝ դժվարանում (գրեթե անհնար էր)։
Այլ ելք չկար, հարկավոր էր ուժեղացված պահակախմբով զենքն ու զինամթերքը տեղափոխել։
Այդ նպատակով Հայկական գումարտակի մի վաշտ և մի խումբ կամավորներ, թվով 60 մարդ, գումարտակի հրամանատար փոխ-գնդապետ Չաուսովի հրամանատարությամբ մարտի 5-ին (այս տվյալը վերցված է «Շարժում» թերթի № 17-ում տպագրված «Աղասի Կորկոտյան» մահախոսականից) գնացել էին Բորժոմի և 9 կառքով ու 2 ավտոմոբիլով զենքն ու զինամթերքը տեղափոխում էին Ախալցխա։
Բորժոմից 8 վերստ դեռ նոր էին հեռացել, երբ ավտոմոբիլներից մեկի վարորդը, որը, ինչպես վկայում է Ե.