Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախալցխա, որտեղից մեր հրետանավորները 9 —10 անգամ կրակ բացեցին թուրքերի վրա և ցիրուցան արեցին նրանց…

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՈՒՄԱՅՈՒՄ

Ապրիլի 16(29)_ին տեղի ունեցավ Քաղաքային դումայի հերթական նիստը՝ Խ. Չիլինգարյանի նախագահությամբ։

Քաղաքագլուխ Զորի Զորյանը ներկայացրեց քաղաքի և գավառի քաղաքական, ռազմական վիճակը։ Առաջարկեց քաղաքից հեռացած դումայի տարբեր ֆրակցիաների 7 պատգամավորներին փոխարինել ցուցակներում եղած հաջորդ թեկնածուներով։ Դուման ընդունեց առաջարկն ու կատարեց։

Քաղաքային վարչությունը դիմելով դումային՝ ստացավ նրա համաձայնությունը Անդրկովկասյան սեյմից ինքնապաշտպանության համար 200000 ռուբլի անվերադարձ նպաստ խնդրելու համար…

Չնայած շրջապատման օղակի օրավուր ավելի սեղմվելուն, Քաղաքային դուման ժամանակ հատկացրեց լուսավորության հարցին և միջոցներ հայթայթելու համար որոշեց դիմել Անդրկովկասյան կառավարության ուսումնական կոմիսարիատին՝ Օրիորդաց գիմնազիայի 14686 ռ. 80 կոպեկով բյուջեի (ծախսերի) պակասորդը և 5000 ռ. 26 կոպեկով ուսուցիչների ռոճիկների՝ որպես տոկոսային հավելում, տրվելիք գումարները լրացնելու համար։ Դուման քննարկեց նաև պարենային հարցը։

Քաղաքի «Շարժում» թերթի համարյա բոլոր համարներում կարդում ենք հետևյալ կոչը. «Ընկերնե՛ր, մի մոռանաք, որ ինքնապաշտպանության գործին օգնելը ամենքիս սրբազան պարտքն է»։ Այս և նման այլ կոչերին, որոնք արվում էին զինվորական իշխանությունների կողմից, անսալով քաղաքի բոլոր այն բնակիչները, ովքեր այդ դժվարին օրերին ի վիճակի չէին զենք կրելու, գնում էին քաղաքի շրջակայքում ամրությունների կառուցման և խրամատներ փորելու աշխատանքներին մասնակցելու։ Անդայի դեպքերից հետո քաղաքի բոլոր տղամարդիկ փակել էին խանութները և գնում էին դիրքեր փորելու։ Հիմնական աշխատանքներն արդեն վերջացրել էին. ևս մեկ երկու օր և քաղաքի շրջապատի