Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնված 1889-ին։ Նախնական կրթությունն ստացել էր քաղաքային դպրոցում, այնուհետև ավարտել էր Ելիզավետգրադի Բոնչ-Բրուևիչի առևտրական դպրոցը։ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ավարտել էր Թիֆլիսի զինվորական դպրոցը՝ I կարգի վկայականով։ Նա թուրքական ռազմաճակատում մասնակցել էր բոլոր կարևոր ռազմական գործողություններին։ Էրզրումի, Երզնկայի, Բայբուրդի, Հասան-Ղալայի և Քյոփրի-Քյոյի ճակատամարտերում եղել է միշտ առաջին շարքերում և ամենավտանգավոր տեղերում։ Իր մասնակցությամբ տեղի ունեցած կռիվների մեծ մասը ավարտվել է սվինամարտով։ Ռուսական բանակի և՛ ռուս և՛ հայ զինվորները գերազանց էին տիրապետում սվինամարտին։ Թուրք զինվորները սվինամարտերում միշտ տանուլ են տվել, ինչպես ռուս զինվորների դեմ կռվելիս, այնպես էլ՝ հայերի։

Խիզախ հայորդին արժանացել էր շտաբս-կապիտանի զինվորական կոչման և պարգևատրվել էր զինվորական մի քանի շքանշաններով[1]։

Պատժիչ զորամասը հրկիզեց թուրքական հրոսակների որջերը՝ Անդա և Արջուլա գյուղերը՝ բնակիչներին և զինված ջոկատներին քշելով իրենց բնակավայրերից և վրացական գյուղերի շրջակայքից: Հայ-վրացական պատժիչ զորամասը, ինչպես նաև ապրիլի 16-ին նրան օգնության ուղարկված ինքնապաշտպանության գվարդիայի մի քանի տասնյակ մարտիկները կլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով (ձյուն և անձրև էր տեղում), ստիպված դադարեցնելով ռազմական գործողությունները (պատժիչ արշավանքը)՝ վերադարձան Ախալցխա (հայ զինվորները) և վրացական Ղրել գյուղը (վրացի զինվորներ)։

Ապրիլի 17-ին վրացական Ղրել գյուղից մեր զինվորները նկատել էին թուրքական հեծյալների մեծ կուտակում թուրքական Ծնիս գյուղում, որտեղ կենտրոնանում էին և Կլդե թուրքական գյուղով ու խճուղիով շարժվում Ածղուրի ուղղությամբ։ Այս լուրը նրանք անմիջապես հեռախոսով հաղորդեցին

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 26։