Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեղափոխվեցին նաև Սուճյան եղբայրների աղորիքները։ Սուճյանները խոստացան քաղաքի ալյուրի պահանջները բավարարելու համար իրենց սեփական էլեկտրակայանում ևս մեկ ջրաղաց տեղադրել[1]:

Ինչպես վկայում է Կ. Ղաֆադարյանը, վերոհիշյալ էլեկտրական ալրաղացից առաջ, ալյուրն աղում էին քաղաքից դուրս գտնվող ջրաղացներում։ Ըստ նրան, այդ ջրաղացներից ամենամեծը Վարլամովի ջրաղացն էր, որը ութ աչք ուներ, մի ձիթահանք և գտնվում էր Սուֆլիս գյուղի կամուրջի մոտ, Աբասթումանի ճանապարհին[2]:

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ պաշարվածները ո՛չ միայն պարեն էին ներմուծում, այլև արտահանում էին… բանը նրանում էր, որ գավառում կարտոֆիլը շատ էին աճեցնում, և ապրանքային կարտոֆիլը կոմիտեն գյուղացիներից գնում և ուղարկում էր Թիֆլիս։

Քաղաքի «Շարժում» թերթի № 17-ից տեղեկանում ենք, որ քաղաքի պարենային կոմիտեն հեռագրել է նահանգային պարենային կոմիտեին, որ Թիֆլիս կարտոֆիլ այլևս չի կարող ուղարկել Ածղուրի մարտի 6-ի դեպքերի կապակցությամբ՝ փոխադրամիջոց չլինելու պատճառով։ Կոմիտեն խնդրում է անհապաղ բեռնատար ավտոմեքենաներ ուղարկել, հակառակ դեպքում հավաքված կարտոֆիլի մեծ պաշարը կարող է փչանալ։

Ինչպես տեսնում ենք, գավառի հայկական գյուղերում կարտոֆիլի մեծ պաշարներ կար, որը իրացվում էր Թիֆլիսում և այլ քաղաքներում։

Իսկ հացի պաշարները, ընդհակառակը, սպառվում էին արդեն։

«Շարժում» թերթի ապրիլի 22-ի համարում (26) պարենային կոմիտեն բնակչությանը խորհուրդ է տալիս ավելացած կարտոֆիլը, որը ճանապարհների փակ լինելու պատճառով հնարավոր չէ արտահանել, հարկավոր է չորացնել… Սովորեցնում է նաև չորացման մեթոդը՝ նախ կճպել, հետո ղախի (չիր) նման բարակ կտրատել, շարել և կախել ստվերում

  1. Նույն տեղում:
  2. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1918 թ., № 1, էջ 151: