Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ,— ասաց թագավորը։— Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։

— Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։

— Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։

Ը

Վաչագան թագավորը, հասարակ շինականի հագուստով ծպտված, ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը։ Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն, ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։

Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը։ Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին։ Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ո՛չ քահանա և ո՛չ աղոթատուն։

Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները։

Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ՝ ահա՛ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե՝ ո՞վ է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.

— Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե՝ մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի։

Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի՝ ի՞նչ է խոսում այդ մարդը կամ ի՞նչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի վրա նայեց և, նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը՝ ձեռով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։

— Դու ո՞վ ես, ի՞նչ գործի ես,— հարցրեց քրմապետը։

— Ես մի օտար բանվոր եմ,— պատասխանեց Վաչագանը,— եկել եմ այս քաղաքը մշակության։

— Շա՛տ լավ, կգա՛ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ։ Վաչագանը, գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։

Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով՝ մշակների շալակը տված։

101