Երբ որ բոլոր քուրմերը եկան՝ քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը։ Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան՝ ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի՝ ինչո՞վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի՞նչ մարդ է քրմապետը, ի՞նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է։ Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը։
Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը։ Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և, հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ՝ հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ։ Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և, ամենին ներս անելով՝ կրկին կողպեց։ Այստեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց՝ տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու։ Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ։ Նրանք ամենքն էլ, իրար երեսի նայելով, սկսեցին փսփսալ, թե՝ ո՞ւր բերին մեզ այս մարդիկը։ Վերջապես, պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան՝ մանր խուցերով շրջապատված։ Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց՝ Վաչագանի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.
— Գնացե՛ք ներս, այդտեղ ձեզ գործ կտան։
Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից։ Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգնած։