Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թ

— Տղե՛րք, ի՞նչ տեղ ենք մենք, չգիտե՞ք,— հարցրեց Վաչագանը։

— Ես գիտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, է՛լ այստեղից ազատվելու չենք,— ասաց մեկը։

— Բայց չէ՞ որ այս մարդը սուրբ մարդ է, մի՞թե այդպես բան կանի,— ասաց մի ուրիշը։

— Ինչո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գիտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։

— Տղե՛րք, կատակի ժամանակ չէ,— ասաց Վաչագանը։— Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք՝ ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե՝ ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը, եկե՛ք առաջ գնանք, տեսնենք՝ ո՞ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։

Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմբեթաձև ընդարձակ սրահ։

Մեր կալանավորները մի կողմից՝ ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից՝ խլշած ականջ էին դնում, որ տեսնեն՝ որտեղի՞ց էին գալիս խառնաշփոթ ձայները։ Հենց ա՛յս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով՝ մարդու նմանություն առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.

— Ո՞վ ես դու, սատանա՞ ես, թե՞ մարդ. մոտեցիր մեզ և ասա՛, որտե՞ղ ենք գտնվում մենք։

Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.

— Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՜նչ տեղ եք ընկել դուք։

Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե՝ ի՞նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի՛նչ էր տեսածը։ Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները՝ ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած։

103